Վեր. Հենրիկ Շահնազարյան
«Որովհետեւ դուք ազատութեա՛ն կանչուած էք, եղբայրնե՛ր. միայն թէ ձեր ազատութիւնը մարմնի ցանկութիւնների առիթ չըլլայ, հապա սիրո՛վ իրարու ծառայեցէք։ Քանի որ ամբողջ Օրէնքը սա՛ մէկ խօսքին մէջ կը գործադրուի. «Սիրէ՛ ընկերդ քու անձիդ՝ պէս»։ Բայց եթէ զիրար խածնէք եւ լափէք, զգուշացէ՛ք որ իրարմէ չսպառիք։ Ուստի սա՛ կ՛ըսեմ. «Հոգիո՛վ ընթացէք, ու մարմինին ցանկութիւնը պիտի չգործադրէք»։ Որովհետեւ մարմինը կը ցանկայ Հոգիին հակառակ, ու Հոգին՝ մարմինին հակառակ. եւ ասոնք իրարու հակառակ են, որպէսզի չընէք ի՛նչ որ ուզէք։ Բայց եթէ Հոգիէն առաջնորդուիք, ա՛լ Օրենքին տակ չէք ըլլար։
Մարմինին գործերը բացայայտ են. անոնք են՝ շնութիւն, պոռնկութիւն, անմաքրութիւն, ցոփութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, երկպառակութիւն, մրցակցութիւններ, զայրոյթ, հակառակութիւն, խռովութիւն, հերձուածներ, չար նախանձներ, մարդասպանութիւններ, զեխութիւններ եւ ինչ որ ասոնց նման է. որոնց մասին կանխաւ կ՛ըսեմ ձեզի, ինչպէս ժամանակին ալ ըսած եմ, թէ այսպիսի բաներ ընողները պիտի չժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը։ Բայց Հոգիին պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաութիւն, համբերատարութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն. այսպիսի բաներու դէմ Օրէնք չկայ։ Անոնք որ Քրիստոսիններն են, իրենց մարմինը խաչեցին՝ բնական կիրքերուն ու ցանկութիւններուն հետ։ Եթէ հոգիով կ՛ապրինք՝ նաեւ ընթանա՛նք Հոգիին համաձայն։ Սնափառ չըլլանք՝ զիրար գրգռելով եւ իրարու նախանձելով» (Գաղ. 5։13-26)։
Մարմինին գործերը բացայայտ են. անոնք են՝ շնութիւն, պոռնկութիւն, անմաքրութիւն, ցոփութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, երկպառակութիւն, մրցակցութիւններ, զայրոյթ, հակառակութիւն, խռովութիւն, հերձուածներ, չար նախանձներ, մարդասպանութիւններ, զեխութիւններ եւ ինչ որ ասոնց նման է. որոնց մասին կանխաւ կ՛ըսեմ ձեզի, ինչպէս ժամանակին ալ ըսած եմ, թէ այսպիսի բաներ ընողները պիտի չժառանգեն Աստուծոյ թագաւորութիւնը։ Բայց Հոգիին պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաութիւն, համբերատարութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն. այսպիսի բաներու դէմ Օրէնք չկայ։ Անոնք որ Քրիստոսիններն են, իրենց մարմինը խաչեցին՝ բնական կիրքերուն ու ցանկութիւններուն հետ։ Եթէ հոգիով կ՛ապրինք՝ նաեւ ընթանա՛նք Հոգիին համաձայն։ Սնափառ չըլլանք՝ զիրար գրգռելով եւ իրարու նախանձելով» (Գաղ. 5։13-26)։
ԱՍՏՎԱԾ օրհնի իր խոսքը մեզնից յուրաքանչյուրի համար։ Ամեն։
Սիրելիներ, եթե այսօր մեզ ասեին, որ ազատ ենք անելու այն ամենը, ինչ ցանկանում ենք, վստահ եմ՝ ոմանք, որ շատ բաներ ծածուկ են անում, կանեին համարձակ։ Նաև վստահ եմ, որ ոմանք էլ կշարունակեին ապրել, ինչպես ապրում էին մինչ այդ։ Ազատությունը մեծ պարգև է ԱՍՏԾՈՒ կողմից։ ԱՍՏՎԱԾ մարդուն ազատ ստեղծեց, և ուզում է, որ մարդն ազատության մեջ ապրի։ Ցավոք մարդը ազատությունը միշտ սխալ է հասկանում։ Հաճախ ազատություն ասելով՝ հասկանում են՝ անել այն ամենը, ինչ սիրտը կցանկանա։
Ամերիկայում՝ աշխարհի ամենազատ երկրներից մեկում, որտեղ մենք հիմա բնակվում ենք, տեսնում ենք, որ կա քաղաքական ու գաղափարների ազատություն, սակայն երբեմն մարդիկ այս երկրում ավելի գերի են, քան թե այն երկրներում, որտեղ ասվում է, որ ազատություն գոյությույն չունի։ Ոմանք իսլամական երկրից գալով այստեղ, հանդիպում են խմիչքի բազմազանության ու առատության։ Եվ այս կարծեցյալ ազատությունը այնպես սանձարցակ կերպով են գործադրում, որ դառնում են խմիչքի գերի։ Եվ եթե մի օր որոշեն վերջ տալ, չեն կարողանա։ Ոմանք հայտնվում են սեռային մոլության գերի։ Վերջերս շատ են խոսում հայտնի գոլֆ խաղացող մի մարզիկի մասին. հարուստ մարդ, հաջողակ մարզիկ, ով ուներ լավ ընտանիք... սակայն սեռային ցանկությունների գերի է։
Պողոս առաքյալը իր նամակում անընդհատ հիշեցնում է, որ ՏԵՐԸ մեզ ազատեց օրենքներից, մեր մեղքերից, բայց զգուշացնում է նաև այդ ամենը սխալ չհասկանալ՝ թույլ չտալ , որ այդ ազատությունը մարմնի ցանկությունների առիթ լինի։
ԱՍՏՎԱԾ մեզ ազատում է մեր մեղքերից, վախերից, հոգսերից, գերություններից հատուկ նպատակով։ Մեղքը ծանր բեռի է նման։ Եվ մի մարդ, որ ծանրաբեռնված է, չի կարող լավ աշխատել։ ԱՍՏՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ միջոցով ազատում է մեզ, որ մենք թեթևացած կարողանանք ծառայել։
Պողոս առաքյալը շատ գեղեցիկ պատկեր է գործածում՝ ասելով. «Ուստի մե՛նք ալ... թոթափե՛նք ամէն ծանրաբեռնում, եւ մեղքը՝ որ դյուրաւ կը պաշարէ մեզ, ու համբերութեա՛մբ վազենք մեզի առաջարկուած մրցարշաւը...» (Եբր. 12։1)։
Պողոսը պատկերում է մրցման պատրաստվող մարզիկի։ Այսօր տեսնում ենք, որ մարզիկները հագնում են ամենթեթև ու հարմար հագուստը՝ ազատվելով կաշկանդող ու ծանրաբեռնող ամեն ինչից։ ԱՍՏՎԱԾ ինձ ու քեզ ազատում է, որովհետև մեծ նպատակ ունի մեզ համար։ ԱՍՏՎԱԾ ազատում է, որպեսզի ԻՐ գործակիցները լինենք, որպեսզի ԻՐ երկու ամենամեծ օրենքները կատարենք՝ սիրենք մեր ՏԻՐՈՋԸ և սիրենք իրար։
Սիրելիներ, Պողոս առաքյալը շեշտում է, որ ԱՍՏՎԱԾ մեզ ազատեց ոչ թե մարմնի հաճույքներին հետևելու, այլ սիրով ծառայելու համար։ Ոմանք կարծում են, որ եթե քրիստոնյա դառնան, սկսեն եկեղեցի հաճախել, իրենց կյանքը կզրկվի հաճույքներից։ Երբեմն հենց այդպես էլ պատահում է Ավետարանը սխալ հասկացող հավատացյալների հետ, որոնք շրջում են դժգոհ դեմքերով, հանդիմանում ու նկատողություն անում աջ ու ձախ։ Բայց ԱՍՏԾՈ խոսքը մեզ հրավիրում է ամեն բանից ազատված՝ վայելել ՏԻՐՈՋ ներկայությունը, ավելորդ բեռները թոթափած՝ վայելել իրար նկատմամբ սեր ու ծառայություն։ Վստահ եմ՝ մեր մեջ շատերը կվկայեն, որ քրիստոնեական կյանքը հաճույք է, կյանքը Տիրոջ հետ՝ ուրախություն։ Ինքներս չսխալվենք և ուրիշների մոտ էլ սխալ կարծիք չձևավորենք, թե քրիստոնեական կյանքը տխուր է ու միապաղաղ։ Ընդհակառակը՝ ամենատոկուն, ամենամնայուն հաճույքն ու երջանկություն է ՔՐԻՍՏՈՍԻ միջոցով ազատված, ՏԻՐՈՋ հետ մտերիմ կապ ունենալը, ՏԻՐՈՋ սերը վայելելը և ՏԻՐՈՋ սիրով ուրիշներին ծառայելը։
Սիրելիներ, Պողոս առաքյալը ջանում է, որ Գաղատիայի եկեղեցում ճիշտ ըմբռնեն, թե ինչ է ազատությունը։ Առաքյալը հայտնում է, որ այլևս կարիք չկա, որ ինչ–որ մեկը թելադրի՝ ինչպես վարվել, քանի որ ԱՍՏՎԱԾ ինքը գալիս և Իր Հոգով բնակվում է մեր մեջ։ ՔՐԻՍՏՈՍՆ ինքն է մեզ համար օրինակ, ում պետք է հետևենք։ Առաքյալը հստակ նշում է մարմնի գործերը՝ շնություն, պոռնկություն, ցոփություն, թշնամություն, մրցակցություն, զայրույթ և այլն։ Նա ասում է, որ եթե մարդ արարածը մնա իր վիճակի մեջ՝ ԱՍՏԾՈՒՑ օրհնություն չստանա, ԱՍՏԾՈ ներկայությունը չլինի, նա կհետևի մամնի գործերին։ Առաքյալը նաև նշում է Հոգու պտուղները՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն և ժուժկալություն։ Այն մարդը, որ ազատվում է ՔՐԻՍՏՈՍԻ միջոցով, իրեն հեռու է պահում մարմնի ցանկություններից, և ԱՍՏԾՈ Սուրբ Հոգին նրա մեջ առաջ է բերում Հոգու պտուղներ։ Եվ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։
Պողոս առաքյալը շատ գեղեցիկ պատկեր է գործածում 24–րդ համարում. «Անոնք որ Քրիստոսիններն են, իրենց մարմինը խաչեցին՝ բնական կիրքերուն ու ցանկութիւններուն հետ։ Եթէ հոգիով կ՛ապրինք՝ նաեւ ընթանա՛նք Հոգիին համաձայն»։ Նույն պատկերը գործածում է նաև իր մասին խոսելիս. «Քրիստոսի հետ խաչուեցայ. սակայն կ՛ապրի՛մ, բայց ա՛լ ո՛չ թէ ես՝ հապա Քրիստո՛ս կ՛ապրի իմ մէջս» (Գաղ. 2։20)։ Առաքյալն ասում է, որ իր մեջ մեռել է հին մարդը և հիմա ապրում է բոլորովին նոր մարդ, ում ԱՍՏՎԱԾ է ստեղծել։ Նա մի նոր էակ է, որ ապրում է ԱՍՏԾՈ Հոգու առաջնորդությամբ։ Եվ այժմ ոչ թե ինքը, այլ Քրիստոսն է իր մեջ ապրում։
Սիրելիներ, ԱՍՏԾՈ խոսքը մեզ հրավիրում է նման մի կյանքի։ ՀԻՍՈՒՍԻ օրինակին հետևելով, ԱՍՏԾՈ Սուրբ Հոգով լցվելով՝ թույլ տանք, որ ԱՍՏՎԱԾ օրեցօր մեզ ՀԻՍՈՒՍԻՆ նմանեցնի։ Եվ ինչքան նմանվենք, այնքան ավելի կկարողանանք սիրով իրար ծառայել։ ՀԻՍՈՒՍԸ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու։
Այսօր ուզում եմ ձեզ բարի լուրը և մինույն ժամանակ պատասխանատվությունը հիշեցնել։ Եթե կան քույրեր ու եղբայրներ, որ պայքարներ, գերությույններ ունեն...Պարտադիր չէ, որ այդ գերությունները մոլություններ լինեն։ Պողոս առաքյալը խոսում է նաև մրցակցությունների, երկպառակությունների, զայրութի, հակառակությունների, խռովությունների մասին։ Եթե նման բաների գերի ենք, և դրանք մեզ ջլատում են, Պողոս առաքյալը ինձ ու քեզ ասում է, որ ՀԻՍՈՒՍԸ եկավ, որպեսզի դրանց գերությունից ազատի։ Եթե պայքարներ ունես, վստահիր, ՏԻՐՈՋԸ դիմիր։ Եթե ՏԵՐԸ արդեն քեզ ազատել է, հիշիր, որ ՆԱ քեզ համար գործ ունի նախապատրաստած։ Դու կանչվել ես ծառայելու՝ սիրով ծառայելու, անձնուրացաբար, նվիրված ծառայելու։ Դու ԱՍՏԾՈ եկեղեցու մեջ դեր ու պարտականություն ունես։ Յուրաքանչյուրս կարող է եկեղեցում և եկեղեցուց դուրս ծառայել։ Պետք է ջանանք շրջապատին Քրիստոսի սերը ցույց տալ՝ Քրիստոսի ձեռքը լիենք՝ պատրաստ օգնելու, ՔՐԻՍՏՈՍԻ լեզուն լինենք՝ մխիթարական, քաջալերական խոսքեր ասելու, ՔՐԻՍՏՈՍԻ ականջը լիենք, որ համբերությամբ լսում է, ՔՐԻՍՏՈՍԻ աչքը լինենք, որ տեսնում է։ ՀԻՍՈՒՍՆ ասում է ՝ նայելով նայում եք, բայց չեք տեսնում։ Աղոթենք, որ ՏԵՐԸ բացի մեր աչքերը, որ ԻՐ աչքերով տեսնենք։ Քրիստոսը երբ նայում է, ցավ է տեսնում, մերժված, կոտրված սիրտ է տեսնում, և աշխատում է ամոքել, բժշկել, հույս տալ։ Ես ու դու երբ նայում ենք, մրցակցություն ենք տեսնում՝ ինչ ունի ընկերս, որ ես չունեմ... իրար սխալներ ու մեղքեր ենք տեսնում...
Սիրելիներ, ՏԵՐԸ այսօր ինձ ու քեզ առիթ է տալիս, որ կարողանանք ազատված, թեթևացած, նոր ուժով լցված, ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ առաջնորդությամբ, ՀԻՍՈՒՍԻ օրինակին հետևելով, ՀԻՍՈՒՍԻ աչքը լինենք, ձեռքերը լինենք, լեզուն, ականջը լինենք, ՆՐԱ ներկայությունը լինենք։ Մեր շրջապատի մարդկանց դեպի նույն ազատությունը առաջնորդենք։ Թույլ տանք, որ ՏԵՐԸ մեր միջոցով գործի ու խաղաղություն բերի, նոր հույս բերի, հանգիստ բերի, բուժում բերի ուրիշներին, որպեսզի մարդիկ փրկության աղբյուրը ճանաչեն։
Աղոթենք, որ ՏԵՐԸ, որ մեզ ազատել է ՔՐԻՍՏՈՍՈՎ, ամեն օր մեր մեջ ավելի ու ավելի առաջացնի սեր, ուրախություն ու խաղաղություն։ Համբերատարությամբ իրար լսենք, քաղցրությամբ իրար հետ վարվենք, բարություն ցույց տանք միմյանց, հավատարիմ լինենք ԱՍՏԾՈ և իրար նկատմամբ։
Սիրելիներ, ՏԵՐԸ մեզ ազատում է սիրով ծառայելու համար, և տալիս է մեզ ԻՐ Հոգին, որպեսզի կարողանանք Հոգու առաջնորդությամբ իր ուզած ձևով ապրել՝ վախից, հոգսերից, խղճի խայթից ազատված։
Տերը տա, որ վայելենք թե այդ ազատությունը, և թե սիրով ծառայելու հաճույքը։ Ուր որ գնում ենք, մեր ներկայությունը ուրիշներին էլ աստվածային, հոգևոր, ճշմարիտ, մնայուն խաղաղություն և հաճույք բերի։
Այն խաղաղությունը, որ ՏԵՐՆ է տալիս, այն ուրախությունը, որ ՏԵՐՆ է տալիս, մնայուն է։ Եվ աշխարհը չի կարող մեզանից խլել։ ՏԵՐԸ տա, որ այս ճշմարիտ հաճույքը ամեն օր վայելենք և ուրիշներին էլ ներկայացնենք, որ կարողանան անցավոր, ոչ ճշմարիտ հաճույքների փոխարեն աստվածային, հոգևոր, ճշմարիտ ու մնայուն հաճույքը վայելել իրենց կյանքում։
ԱՍՏՎԱԾ օրհնի բոլորիդ։
No comments:
Post a Comment