Monday, January 23, 2012

ԱՍՏԾՈ ՍՐԲԱՐԱՆԸ (Ներածություն, Մաս 1-ին)

Վեր. Պերճ Ջամբազյան



Սիրելի´ քույրեր ու եղբայրներ,  աստվածաշնչային սերտողությունների շարքի թեման, որը սկսում ենք այսօր, ԱՍՏԾՈ Սրբարանն է՝ ԱՍՏԾՈ ներկայության վրանը, որ ԱՍՏՎԱԾ ինքը կառուցել տվեց անապատում։ Սակայն մինչ բուն նյութին անդրադառնալը, եկե´ք պատասխանենք մի շատ կարևոր հարցի՝ ինչի՞ մասին է Աստվածաշունչը. ի՞նչ է ներկայացում Սուրբ գիրքը։
Մենք հակված ենք հաճախ տարանջատելու Հին ու Նոր կտակարանները, անտեսելու Հին Ուխտը՝ համարելով այն հրեական պատմություն, և կենտրոնանալու միայն Նոր ուխտի վրա։
Սակայն երբ սերտում ենք Աստվածաշունչը, ակնհայտ է դառնում, որ Ծննդոցից մինչև Հայտնություն Հովհաննու՝ ողջ գիրքի կորիզը, կենտրոնը ՔՐԻՍՏՈՍՆ է։ Թե´ Հին և թե´ Նոր կտակարանների նպատակն է ՔՐԻՍՏՈՍԻՆ՝ որպես որդի ԱՍՏԾՈ, ներկայացնելը։
Հետևաբար 66 գրքերը առաջին էջից մինչև վերջին էջն ունեն միայն մեկ նյութ և կենտրոնացած են մեկ  անձի՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ՝ աշխարհի ՓՐԿՉԻ շուրջ, և Աստվածաշունչն ամբողջությամբ ներկայացնում է ԱՍՏԾՈ փրկության ծրագիրը։
ԱՍՏՎԱԾ մարդուն ստեղծեց իր կերպարանքով. մարդը գիտակցաբար շեղվեց, օրինազանց եղավ և երես թեքեց ԱՍՏԾՈ պատվիրանից, սակայն ԱՐԱՐՉԻ սերը թույլ չտվեց, որ մարդը կորսվի։ ԱՍՏՎԱԾ իր սրտի մեջ ծրագրած փրկության պատկեր ու ճամփա ուներ և դրա մասին է հայտնում Աստվածաշնչի առաջին էջից մինչև վերջին էջում։

Այսօր կսերտենք Հին Ուխտից որոշ դեպքեր։
Աստվածաշնչի Ելից գրքի 25-րդ գլխից մինչև 39-րդ գլուխներում նկարագրվում է ԱՍՏԾՈ Ներկայության վրանը կամ Սրբարանը (Tabernacle)։ ԱՍՏՎԱԾ, տեսնելով Իր ընտրյալ ժողովրդի վիճակը Եգիպտոսում՝ փարավոնի ճիրանների մեջ, հանեց նրանց Եգիպտոսից և Կարմիր ծովի միջով հրաշքով անցկացրեց մինչև անապատ։ Գրեթե երկու միլիոն ժողովուրդ հայտնվեց անապատում։ ԱՍՏՎԱԾ Մովսեսին կանչեց Սինա լեռան կատարը և խոսեց նրա հետ. կարգադրեց ժողովրդին հայտնել, որ ընծաներ բերեն՝ ոսկի, արծաթ, պղինձ և այլն։ Անպայման հոժարակամ։ ԻՐ համար Սրբարան շինեն, քանի որ ցանկանում էր անապատում նրանց մեջ բնակվել, որպեսզի ժողովուրդը ոչ թե չաստվածներին, այլ ճշմարիտ ԱՍՏԾՈՒՆ ճանաչեր ու պաշտեր։ Եվ հետագայում էլ, երբ նրանց խոստացած երկիր տաներ, իմանային տարբերությունը ճշմարիտ ԱՍՏԾՈ և չաստվածների միջև և ամբողջությամբ նվիրվեին պաշտելու կենդանի, ճշմարիտ ԱՍՏԾՈՒՆ։ ԱՍՏՎԱԾ Սինա լեռան կատարին Մովսեսին Սրբարանը կառուցելու ծրագիր տվեց և հրահանգեց, որ իջնի ու բացատրի ժողովրդին և ջանա ամենայն մանրամասնությամբ իրագործել Իր ասածները։
          Մովսեսին մանրակրկիտ կերպով տրվեցին վրանի չափերը, գույները, նյութերի տեսակները... և նշվեց. «Խորանին օրինակը  եւ անոր բոլոր կարասիներուն օրինակը, բոլոր քեզի ցուցուցածիս պէս, ճիշդ այնպէս շինեցէք» (Ելից 25։9)։ «Ջանա´, որ լեռը քեզի ցուցուած օրինակին պէս շինես զանոնք» (Ելից 25։40)։
         Ինչու՞ է ԱՍՏՎԱԾ շեշտում թե՝ ճիշդ այնպէս շինեցէք։ Երբ սերտողության ընթացքում բացատրեմ բոլոր այդ թվերի, գույների, գործածված նյութերի իմաստը, պետք է այդ բոլոր մանրամասնությունների մեջ պարզորոշ տեսնեք ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ որպես փրկիչ համայն աշխարհի և փրկության ծրագիրը։ Այդ մանրամասնությունների ճշտության մեջ է, որ պիտի տեսնենք ՔՐԻՍՏՈՍԻ սիրտը, ՔՐԻՍՏՈՍԻ անձը, ՔՐԻՍՏՈՍԻ նկարագիրը, ՔՐԻՍՏՈՍԻ առաքելությունն ու ՔՐԻՍՏՈՍԻ էությունը։

Երբ կարդաք Հին Ուխտը պիտի հարցնեք՝ այստեղ ու՞ր է ՔՐԻՍՏՈՍԸ։ Նոր կտակարանի մեջ Ավետարան ըստ Հովհաննու 1-ին գլխի 45-րդ համարում առաջին աշակերտներից մեկը՝ Փիլիպպոսը, ում ՔՐԻՍՏՈՍԸ կանչեց, ասում է  իր ընկերոջը՝ Նաթանայէլին. «Ան, որուն համար Մովսէս օրէնքին մէջ գրեց եւ մարգարէներն ալ, զանիկա գտանք, այսինքն Յիսուս Նազովրեցին, Յովսէփին որդին»։ Հետաքրքրական է, որ Փիլիպպոսն ասում է՝ գտանք Նրան, ում մասին Մովսեսը գրեց օրենքի մեջ։ Իսկ օրենքը Մովսեսը որտեղի՞ց ստացավ։ Իհարկե, Սինա լեռան կատարին, ԱՍՏԾՈ ներկայությունից։

Մեկ այլ դեպքում ՀԻՍՈՒՍԸ դիմում է Իսրայելի ժողովրդին ու Իր աշակերտներին՝ ասելով. «Վասն զի եթէ դուք Մովսէսին հաւատայիք, ինծի ալ պիտի հաւատայիք, քանզի անիկա ինծի համար գրեց» (Ավետարան ըստ Հովհաննու 5։46)։ Երբ խոսում ենք Մովսեսի մասին, խոսում ենք Հնգամատյանի մասին և իհարկե Մովսեսի նկարագրած Սրբարանի մասին։

ՀԻՍՈՒՍԻ հարությունից հետո երկու աշակերտ իրար հետ խոսում են իրենց կասկածների ու հուսախաբության մասին։ ՀԻՍՈՒՍԸ քայլում է Էմմաուսի ճանապարհին աշակերտների հետ, թեև նրանք չեն ճանաչում ՀԻՍՈՒՍԻՆ, և ահա թե ինչ է ասվում. «Ու սկսելով Մովսէսէն ու բոլոր մարգարէներէն, կը մեկնէր անոնց, ինչ որ իրեն համար բոլոր գրքերուն մէջ գրուած էր» (Ավետարան ըստ Ղուկասու 24։27)։ Շատ կարևոր հայտարարություն է և հատուկ ուշադրության արժանի՝ ինչ որ իր մասին բոլոր գրքերի մեջ է գրված։ «Բոլոր գրքերը» Աստվածաշունչն է։ Եվ Աստծո շունչը փչում է ներկայացնելու Հիսուս ՔՐԻՍՏՈՍԻՆ, որպեսզի նրան հավատալով՝ կենդանանաք։

Հարություն առնելուց հետո ՀԻՍՈՒՍԸ մոտենում է իր աշակերտներին ու հարցնում. «Ուտելիք մը ունի՞ք հոս»։ ՀԻՍՈՒՍԻՆ ձուկ ու մեղրախորիսխ են տալիս։ Ուտելուց հետո սկսում է աշակերտների հետ խոսել։ Եվ ի՞նչ է ասում ՀԻՍՈՒՍԸ հարությունից հետո։ «Ասոնք են այն խօսքերը որոնք ձեզի խօսեցայ, երբ դեռ ձեզի հետ էի, թե ‘Պէտք է որ կատարուին այն ամէնը՝ որոնք Մովսէսին օրէնքին ու մարգարէներուն մէջ եւ սաղմոսներուն մէջ ինծի համար գրուած են» (Ավետարան ըստ Ղուկասու 24։44)։ Հարությունից հետո ՀԻՍՈՒՍՆ իր աշակերտներին մեկ պատգամ ունի՝ քարոզել Աստվածաշունչը։ «Գացէ´ք բոլոր աշխարհ ու աւետարանը քարոզեցէք բոլոր ստեղծուածներուն...» (Ավետարան ըստ Մարկոսի 16։15)։ Բայց ՀԻՍՈՒՍԸ նաև հստակեցնում է, որ քարոզած Ավետարանը պետք է լինի ամբողջական, որ հիմնված է Մովսեսի օրենքի, մարգարեների և սաղմոսների ճշմարտության վրա։ Ուստի, երբ աշակերտները գնացին և Ավետարանը քարոզեցին հետագայում, պիտի տեսնեք, երբ օրինակներ բերեմ Պողոս առաքյալի նամակներից, անդադար հիշատակում են ՀԻՍՈՒՍԻ՝ հարությունից հետո տված պատգամը և մնում են նրա խոսքին հավատարիմ։
Եվ ինչե՞ր պիտի կատարվեին, որոնց մասին խոսեց ՀԻՍՈՒՍԸ, երբ դեռ աշակերտների հետ էր. իհարկե Իր խաչելությունը և հարությունը։ Եվ ուրեմն թե´ սաղմոսները, թե´ Մովսեսի գիրքը և թե´ մարգարեները ՀԻՍՈՒՍԻ խաչելության և հարության մասին գրեցին։  Եվ դրա համար է, որ ՀԻՍՈՒՍԸ հարությունից հետո ասում է. «Պէտք է որ կատարուին այն ամէնը՝ որոնք Մովսէսին օրէնքին ու մարգարէներուն մէջ եւ սաղմոսներուն մէջ ինծի համար գրուած են»։ Այս պատգամից հետո՝ 45–րդ համարում, ևս մի կարևոր դեպք է պատահում, և իմ աղոթքն է, որ այսօր այստեղ ևս պատահի. «Այն ատեն անոնց միտքը բացաւ որպէս զի գրքերը հասկնան»։ Ո՞ր գրքերի մասին է խոսքը. Մովսեսի գրքերի (Հնգամատյանի), սաղմոսմների և մարգարեների։
Հետևաբար, երբ ՀԻՍՈՒՍԸ հարությունից հետո անգամ այսպես զորավոր շեշտում է այս գրքերի բովանդակությունը, որ Իր մասին են, միայն այն դեպքում, երբ ԱՍՏԾՈ հոգին ունենաք, կկարողանաք ըմռնել, հասկանալ և տեսնել ՔՐԻՍՏՈՍԻՆ Հին Ուխտի մեջ, որը սերտորեն կապված է Նոր Ուխտի հետ։
Բ. Օրինաց 18։18-ում ԱՍՏՎԱԾ Մովսեսի հետ խոսում է և ասում, որ գնա ժողովրդի մոտ և հետևյալը փոխանցի. «Քեզի պէս մարգարէ մը պիտի հանեմ անոնց իրենց եղբայրներուն մէջէն...»։ Եվ ապա նայեցեք, թե Երեմիա մարգարեն ինչ է ասում.
«Ահա օրեր կու գան, կ՛ըսէ Տէրը,
Երբ Դաւիթէն արդարութեան
Շառաւիղ մը պիտի հանեմ,
Որ թագաւորի պէս թագաւորութիւն պիտի ընէ,
Իմաստութեամբ պիտի վարվի
Ու երկրի վրայ իրաւունք ու արդարութիւն պիտի ընէ» (Երեմեայ 23։5)։

         ՏԵՐԸ խոստացավ Դավիթի սերնդից արդարության շառավիղ, Մովսեսի պես մարգարե հանել։ Դրա համար Գործք Առաքելոցի մեջ Պետրոսը Երուսաղեմ գնաց, մտավ Սողոմոնի սրահը և սկսեց քարոզել։ Նայե´ք՝ Պետրոսն իր քարոզի մեջ ինչ է ասում. «Մովսէս մեր հայրերուն ըսաւ թէ՝ ‘Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրներէն ինծի պէս մարգարէ մը պիտի հանէ ձեզի. Անոր մտի´կ ըրէք՝ ամէն ինչ որ ձեզի խօսի’» (Գործք Առաքելոց 3։22)։ Եվ իր քարոզի վերջում Պետրոսն ասում է, որ ԱՍՏՎԱԾ հանեց մարգարեն Դավիթի սերնդից, ուղարկեց իր միածին որդուն՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ։

Հետ գնանք Սրբարան։ Երևակայեք մի անապատ։ Սինայի անապատը։ Անապատի մեջ Սինա լեռն է, որի վրա ԱՍՏՎԱԾ խոսեց Մովսեսի հետ և անապատի մեջ Սրբարան կառուցելու ծրագիր տվեց։ Նախ ներկայացնեմ, թե այս 2 միլիոն ժողովուրդը ինչպես էր ապրում համատեղ։
Մովսեսին ԱՍՏՎԱԾ մանրամասն հրանհանգեց, թե ժողովուրդը ինչպես պիտի ապրի։ Հետաքրքրական է Պողոս առաքյալի՝ Իսրայելի ժողովրդի Եգիպտոսից անապատ ելքի նկարագրությունը. «... (մեր հայրերը) ամէնքն ալ ծովէն անցան... Եւ ամէնքն ալ նոյն հոգեւոր կերակուրը կերան» (Ա Թուղթ առ Կորնթացիս 10։1-3)։ Ուշադրությու´ն դարձրեք, խոսքը իհարկե Կարմիր ծովի մասին է։ Եվ շարունակում է. «Եվ ամէնքն ալ Մովսէսով մկրտւեցան ամպին ու ծովին մէջ»։ Ամպը ԱՍՏԾՈ փառքն ու ներկայությունն է, ծովը, որի միջով անցան, երկրավոր կյանքի ճամփորդության, սատանայի հալածանքի ու մահվան խորհրդանիշն է։ Եվ վերջում ավելացնում է. «Ու ամէնքն ալ նոյն հոգեւոր խմելիքը խմեցին...»։ Եվ հիմա կգա ամենազորավոր նախադասությունը. «...վասն զի կը խմէին այն հոգեւոր վէմէն, որ անոնց հետ կ՛երթար ու այն վէմը Քրիստոսն էր»։ Ուրեմն, այդ հոգևոր հացը, որ կուտեին ՔՐԻՍՏՈՍԻ մարմինն էր, և ջուրը որ կխմեին, ՔՐԻՍՏՈՍԻ վեմն էր։
ԱՍՏՎԱԾ Մովսեսին ասաց, որ ժողովրդին տեղավորի անապատի մեջ. «Իսրայէլի որդիներուն ամէն մէկը իր դրօշակին քով իրենց հայրերուն տանը նշանովը իջեւան պիտի ընեն. Վկայութեան խորանին դէմ շուրջանակի» (Թուոց 2։1)։ Տասներկու ցեղերը բաժանվեցին չորս խմբի. Սրբարանի արևելյան կողմում Հուդան տեղավորվեց իր ու ևս երկու ցեղերի բանակներով։ Հարավային կողմում Ռուբենի բանակն էր երկու այլ ցեղերի հետ, արևմտյան կողմում Եփրեմի բանակն էր, իսկ հյուսիսում՝ Դանի։
Իսրայելի ցեղերն ունեին իրենց զինանշանները։ Հետաքրքրական է, որ Հուդայի նշանը առյուծն էր։ Երբ Հակոբն օրհնեց իր զավակներին, ահա թե ինչ ասաց Հուդայի մասին. 
«Յուդա առիւծի ձագ է.
Որդեա´կ իմ, կողոպուտեն ելար։
Առիւծի պէս ծունկ կրկնեց, մատակ
առիւծի պէս պառկեցավ.
Զանիկա ո՞վ պիտի արթնցնէ» (Ծննդոց 49։9)։
Ռուբենի զինանշանը մարդու կերպարանք էր, Եփրեմինը՝ եզը, իսկ հյուսիսում Դանինը՝ արծիվը։

Անդրադառնանք Եզեկիել մարգարեին, ով շատ գեղեցիկ կեպով նկարագրում է Աստծո Սրբարանը (Տապանակը). «Տեսայ թէ հիւսիսային կողմէն մրրկալից հով, մեծ ամպ ու բռնկած կրակ կու գար, որուն բոլորտիքը պայծառութիւն կար ու կրակին մէջէն, ոսկեպղնձի նմանութիւն մը կ’երեւնար։ Անոր մէջ չորս կենդանիի կերպարանք կար։ Անոնց երեւոյթը այսպէս էր։ Անոնք մարդու կերպարանք ունէին։ Ամէն մէկը չորս երես եւ չորս թեւ ունէր։ Անոնց ոտքերը շիտակ ոտքեր էին։ Անոնց ոտքերուն թաթը զուարակի ոտքին թաթին պէս էր ու փայլուն պղնձի պէս կը փայլէին։ Անոնց չորս կողմերը անոնց թեւերուն տակ մարդու ձեռքեր կային։ Չորս ալ երեսներ ու թեւեր ունէին։ Անոնց թեւերը իրարու կցուած էին։ Անոնք երթալու ատեննին չէին դառնար։ Ամէն մէկը շիտակ յառաջ կ’երթար։ Անոնց երեսներուն ձեւը այսպէս էր։ Չորսն ալ մարդու երես ունէին։ Աջ կողմէն առիւծի երես, չորսն ալ ձախ կողմէն եզի երես, չորսն ալ արծիւի երես ունէին։ Անոնց երեսները այսպէս էին» (Եզելիէլ 1։4-11)։
          Եվ հատվածի վերջում նկարագրում է, թե ինչպես էին սրանք օր ու գիշեր անդադար ԱՍՏԾՈ Սրբությունը երգում։
Այսպիսով Իսրայելի տասներկու ցեղերը բաժանվեցին չորս երեքական ցեղերի՝ իսկ նանց մեջտեղում չորս խմբի բաժանվեցին նաև Ղևտացիները, ում ԱՍՏՎԱԾ ընտրեց Սրբարանի մեջ քահանայություն անելու համար։

     Ի դեպ, ի՞նչ է նշանակում քահանայություն անել։ Քահանայությունը ԱՍՏԾՈ թագավորության մեջ ծառայությունն է, մեղավորին ԱՍՏԾՈՒՆ մոտեցնելը։ Մեզնից յուրաքանչյուրը քահանա է. դա մեր պաշտոնն է։

ԱՍՏՎԱԾ ընտրեց Ղևտացիներին։ Արևելյան կողմում Մովսեսը ու Ահարոնն էին իրենց ընտանիքներով, հարավային կողմում՝ Կահաթը, արևմտյան կողմում՝ Գեթսոնը, իսկ հյուսիսային կողմում՝ Մերարյանները։ Եվ այս շուրջանակի մեջտեղում Սրբարանն էր՝ ԱՍՏԾՈ ներկայության վրանը։
Սակայն ԱՍՏԾՈ ներկայության համար անհրաժեշտ էր նաև, որ բծախնդիր կերպով կատարվեին Մովսեսին տրված հրահանգները՝ ողջակեզ մատուցվեր մեղավորի համար, արյունը ցողվեր և այլն։
Երբ Նոր Ուխտի մեջ կարդում ենք չորս ավետարանները, Ավետարանն ըստ Մատթէոսի ներկայացնում է ՔՐԻՍՏՈՍԻՆ որպես առյուծ, որդի Դավիթի, Մարկոսը՝ որպես ծառա, Ղուկասը՝ մարդ և Ավետարանն ըստ Հովհաննու՝ որպես արծիվ, որը Սուրբ Հոգու խորհրդապատկերն է։
Ի դեպ, խորհրդապատկերները ճշմարտությունը մեր մտքում ավելի լավ տպավորելու համար են, պետք չէ դրանք պաշտամունքի առարկաներ դարձնել։

Անդրադառնանք Աստվածաշնչի ամենավերջին գլխին, որը Հայտնություն Հովհաննու գիրքն է՝ ամեն բանի լեցունության գիրքը. ինչ որ մարգարեները և Մովսեսը ասացին, այդ ամենը  պիտի ամփոփվի  Հայտնություն Հովհաննու գրքով։
«Աթոռին առջև ապակեղէն ծով մը՝ ակնվանիի նման եւ աթոռին մէջ ու աթոռին բոլորտիքը՝ չորս կենդանիներ, որոնք աչքերով լեցուն էին առջուէն ու ետեւէն։ Առաջին կենդանին առիւծի նման էր ու երկրորդ կենդանին՝ զուարակի նման ու երրորդ կենդանին՝ մարդու երես ունէր ու չորրորդ կենդանին՝ թռչող արծիւի նման» (Յայտնութիին Յովհաննու 4։6-7)։

Ու մենք բոլոր հավատացյալներս որպես ԱՍՏԾՈ Նոր Ուխտի Իսրայել, աշխարհի չորս անկյուններից հավաքված, Սրբարան մտած և ՓՐԿՉԻՆ  ընդունած՝ մի օր ՀԻՍՈՒՍԻ շուրջը պիտի հավաքվենք հավիտյանս հավիտենից այս չորս պատկերներով Տիրոջը ծառայելու, Տիրոջ անունը փառավորելու։ Այս չորս պատկերների վերջաբան–նկարագրությունը տեսնում ենք Հայտնություն Հովհաննու գրքի մեջ, երբ ասում է, որ փեսան ու հարսը իրար կմիանան, եվ հարսը փեսայի շուրջը հավիտյանս հավիտենից ալելուիաներով ԱՍՏԾՈՒՆ պիտի փառավորի ու երկրպագի։

Երկնքի մեջ ծուլություն չկա, ձեռնծալ ապրել չկա. մենք պիտի ծառայենք, փառավորենք, պիտի փառաբանենք ՔՐԻՍՏՈՍԻ անունը հավիտյանս հավիտենից։

Հաջորդ անգամ ոտք կդնենք Սրբարանից ներս, իսկ հիմա ընդհանուր հայացք նետենք վրանին։ Վրանը ուներ գավիթ, դռնից ներս անմիջապես ողջակեզի սեղանն էր։ Քահանան այնտեղ ոչխար էր մորթում, արյունը ցողում։ Սա խորհրդապատկերն է ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ, որ մեզ համար ողջակեզ եղավ, պատարագվեց, որպեսզի մենք իր արյունով կյանք ունենանք։ Նրա արյունը սրբում է մեզ ամեն մեղքից։ Զոհի սեղանից հետո ավազանն է՝ Սուրբ հոգու խորհրդանիշը։  Հետո խորանն է վարագույրից այն կողմ։ Միայն քահանան էր տարին մեկ անգամ ներս մտնում մեղավորի համար բարեխոսություն անելու, ներսում՝ աջ կողմում, կտեսնեք հացի սեղան, սեղանի վրա 12 նկանակ կա, որ խորհրդապատկերն է 12 աշակերտների, ինչպես նաև 12 ցեղերի, այսինքն՝  համայն աշխարհն է պարփակում։ Մեջտեղում խունկի խորանն է։ Մենք ՔՐԻՍՏՈՍԻ անուշաբույր խունկն ենք,  և մեր աղոթքն է՝ ի խորոց սրտի խոսքն ԱՍՏԾՈ հետ, որ բարձրանում է առ ԱՍՏՎԱԾ։ Ձախ կողմում աշտանակն է. ՔՐԻՍՏՈՍԸ՝ աշխարհի լույսը։ Խորանի՝ այս երեք առարկաների հետևում կա կրկին վարագույր։ Այս վարագույրից ներս տարին մեկ անգամ կարող էր մտնել միայն քահանայապետը։ Վարագույրից ներս տապանակն է, որի վրա՝ ըստ  Եզեկիել մարգարեի նկարագրության, զուտ  ոսկուց պատրաստված երկու Քերովբեներ կան։ Զուտ ոսկին սրբության խորհրդապատկերն է։ Տապանակի մեջ Ահարոնի գավազանն է, վկայության տախտակները և մանանա, տապանակի վրա ԱՍՏԾՈ ներկայությունն է իջնում։ ԱՍՏԾՈ Սրբարանը մտնելու համար կա միայն մի դուռ, և ՀԻՍՈՒՍՆ ասաց, որ ինքն է դուռը հավիտենական կյանքի։ Ուրիշ ճամփա չկա։ «‘Ես եմ դուռը’, եթէ մէկը ինծմէ ներս մտնէ, պիտի փրկուի...» (Ավետարան ըստ Հովհաննու 10։9)։ «Ես եմ ճամբան ու ճշմարտութիւնը եւ կենաքը…» (Ավետարան ըստ Հովհաննու 14։6)։

No comments:

Post a Comment