Monday, January 23, 2012

ԴԱՍԵՐ ԱՍՏԾՈՒՑ

Վեր. Հենրիկ Շահնազարյան


Սիրելիներ, այսօր հայ եկեղեցու տոնացույցում երկու տոն է հիշատակված՝ Խաղողօրհնեք և Աստվածածնի տոն։
Հին ժամանակներից ի վեր հողագործությամբ զբաղվող ժողովուրդների մոտ ընդունված է եղել բերքի հասունանալուց հետո շնորհակալություն հայտնել իրենց աստծուն կամ աստվածներին։
Հայ ժողովուրդը նախաքրիստոնեական ժամանակներից ունեցել է այս ավանդույթը։ Քրիստոնյա դառնալուց հետո նույնպես տոնում ենք, քանի որ հիմքը սուրբգրային է։ Հին Կտակարանում կարդում ենք, որ ԱՍՏՎԱԾ Իսրայել ժողովրդին պատվիրում է, որ հունձը հնձելուց, բերքը ստանալուց հիշի, որ այն ամենը, ինչ ունի, ԱՍՏԾՈՒՑ է. միշտ հիշի իր ստեղծողին, կյանք տվողին, ուժ պարգևողին և առատ օրհնություններով օրհնողին։ Որպես շնորհակալություն՝ մարդիկ իրենց բերքի երախայրիքը տանում էին ԱՍՏԾՈՒՆ։

ԱՍՏԾՈՒՆ շնորհակալություն հայտնելը ամենակրևոր բանն է։
Այս գեղեցիկ սովորույթը հայ եկեղեցու մեջ պահպանվել է մինչ այսօր։ Խաղողը, որն օրհնվում է, խորհրդանշում է ԱՍՏԾՈՒՑ ստացած մեր բոլոր բարիքները։ Մենք էլ, սիրելիներ, այսօր փառք ենք տալիս ԱՍՏԾՈՒՆ։ Աղոթենք և շնորհակալություն հայտնենք Իր հավատարմության, առատապես բարիքներով օրհնելու և յուրաքանչյուրիս գոհ ու շնորհակալ սիրտ պարգևելու համար։

Սիրելիներ, այսօր Աստվածածնի տոնն է։ Եվ հարմար գտա, որ ձեզ բացատրեմ, թե որպես ավետարանական քրիստոնյաներ՝ մարդիկ, ում հավատքի հիմքը ԱՍՏԾՈ խոսքն է, ինչ ենք հավատում Մարիամ Աստվածածնի համար։ Ինչ համոզումներ ունենք, որոնցից պետք է զգուշանանք և համապատասխանեցնենք ԱՍՏԾՈ խոսքին։

Երբ ուսումնասիրում ենք ԱՍՏԾՈ խոսքը, տեսնում ենք, որ հենց առաջին հանդիպման ժամանակ հրեշտակը ողջունում է Մարիամին՝ դիմելով. «Ողջո՜յն, շնորհընկալ կոյս... շնորհք գտար Աստուծոյ քով»։ Այս հատուկ այցելությունը ցույց է տալիս, որ ԱՍՏՎԱԾ իր այս անոթի մեջ տեսել է հատուկ աստվածային պատրաստություն՝ Աշխարհի Փրկչին նրա միջոցով աշխարհ ուղարկելու։ Հրեշտակը Մարիամին հաղորդում է ԱՍՏԾՈ ծրագիրը։ Սիրելիներ, եկեք մի պահ պատկերացնենք, թե սա ինչ էր նշանակում Մարիամի համար։ Երիտասարդ, չամուսնսցած աղջիկ... և պետք է զավակ ունենար։ Ինչպիսի անարգանքի ու պարսավանքի պիտի նա արժանանար շրջապատի կողմից... Սակայն Մարիամը նախ հեզությամբ իրեն անարժան է համարում, իսկ հրեշտակի բացատրությունից հետո ասում է՝ ՏԻՐՈՋ կամքը լինի։ Մարիամը հեզության և հնազանդության օրինակ է։

Հրեշտակը Մարիամին ասում է նաև, որ նրա ազգականը՝ Եղիսաբեթը, օր ծերության զավակի է սպասում։ Երբ Մարիամը գնում է Եղիսաբեթին այցելության, նա, տեսնելով Մարիամին, բարձրաձայն գոչելով ասում է. «... Այս ի՞նչպէս եղաւ, որ իմ Տէրոջս մայրը եկաւ ինծի...» (Ղուկ. 1։43)։ Մարիամը սկսում է ԱՍՏԾՈՒՆ փառաբանել և օրհներգել։ Սա Մարիամի երրորդ հատկությունն է, որ նույնպես օրինակ  է մեզ համար։
Մարիամը լավատեղյակ էր Հին կտակարանին։ Եվ նրա երգն ու փառաաբանությունը վերցված էր Կին կտակարանի տարբեր սաղմոսներից։ Մարիամը խոնարհության, հնազանդության և փառաբանության տիպար էր։ Գիտեր ԱՍՏԾՈ խոսքը, վստահում էր ԱՍՏԾՈՒՆ և պատրաստ էր հնազանդվել ԱՍՏԾՈՒՆ ամեն գնով։

Սիրելիներ, ժամանակի ընթացքում, շրջապատից ազդված, եկեղեցին սկսեց Մարիամին ավելի բարձր դասել, Մարիամի անունով աղոթքներ անել։ Այս մոտեցումը վերջին դարերում կաթողիկե եկեղեցու միջոցով թափ առավ։ Մարիամը կոչվեց Աստվածածին՝ մի էակ, որ ԱՍՏԾՈՒՆ ծնունդ է տվել։ Ինչո՞ւ եկեղեցին սկսեց գործածել «Աստվածածին» բառը։ Չորրորդ դարում եկեղեցում պայքար կար ՀԻՍՈՒՍԻ ով լինելու հարցի շուրջ՝ արդյոք ՆԱ մա՞րդ է, հրեշտա՞կ է, մարդ է, ում ՍՏՎԱԾ որդի՞ ընդունենց... Շեշտելու նպատակով, որ ՀԻՍՈՒՍԸ ծնված օրվանից ԱՍՏԾՈ որդի էր, ԱՍՏՎԱԾ է, եկեղեցին Մարիամին անվանեց աստվածածին, այսինքն՝ այն էակը, ում Մարիամը ծնունդ տվեց, ծնված օրվանից ԱՍՏՎԱԾ էր։
«Աստվածածին» բառը ոչ թե Մարիամին բարձրացնելու նպատակ ուներ, այլ շեշտելու, փաստելու, հաստատելու, որ այլ ուսուցումները սխալ են։
ՀԻՍՈՒՍԸ ծնված օրվանից ԱՍՏԾՈ որդի էր, ԱՍՏՎԱԾ էր, կատարյալ մարդ էր ու կատարյալ ԱՍՏՎԱԾ։

Թույլ տվեք բաժնեկցել ձեզ հետ մի քանի ճշմարտություններ։
Թերևս լսել եք, որ ոմանք Մարիամի անունով աղոթք են անում, Մարիամին դիմում են որպես միջնորդի։ Եկեղեցու պատմության ընթացքում կամաց–կամաց այն գաղափարն առաջացավ, որ ոմանք ավելի սուրբ են, մանավանդ եթե մեծ ծառայություններ են մատուցել կամ նահատակվել են ՀԻՍՈՒՍԻ համար։ Եկեղեցին սկսեց ոմանց սուրբ համարել, և ենթադրվեց նաև, որ նրանք ԱՍՏԾՈ առաջ ավելի ընդունելի են և ուրեմն կարող են որոշ բաներ անել, որ մյուս մարդիկ չեն կարող։  Դժբախտաբար սրբերի միջնորդությունը որոշ եկեղեցիներում սկսեց տարածվել։
Մինչդեռ Կտակարանի մեջ կարդում ենք, որ ամեն հավատացյալ սուրբ է ՀԻՍՈՒՍԻ միջոցով։ Նոր կտակարանը Կորնթոսի ժողովրդին, որ թերություններ ու մեղքեր ուներ, կոչում է սրբեր և ընտրվածներ։ Չեմ ուզում թերագնահատել շատ նվիրված հավատացյալների, որ սրտանց ծառայել են։ Անկասկած ԱՍՏՎԱԾ ասում է, մարդկանց գործերը տարբեր պատիվ ու փառք կունենան, ոմանք ոսկու ու ոմանք էլ փայտի են արժանի, սակայն Սուրբ գիրքը հստակ ասում է, որ բոլորս ԱՍՏԾՈ առջև հավասար ենք, մեղանչական ենք, միայն ու միայն ԱՍՏԾՈ պատրաստած փրկությունով է, որ ներվում ենք և ԱՍՏԾՈ զավակներ ենք դառնում։

Բոլորս մեղավորներ ենք, բոլորս էլ ՔՐԻՍՏՈՍԻ միջոցով սրբեր ենք համարվում, և Տերը քաջալերում է, որ օրեցօր մեր մեջ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ազդեցությամբ նորոգվենք, սրբագործվենք, ավելի ՀԻՍՈՒՍԻՆ նմանվենք, ծառայություններ մատուցենք, և եթե  ՏԵՐԸ հարմար գտնի, մեր անձն էլ ԻՐ համար զոհենք։ Սա ակնկալվում է ամեն քրիստոնյայից։ Բոլորս հրավիրված ենք այս ճամփան անցնելու։

ԱՍՏԾՈ խոսքը շատ պարզ ու հստակ բացատրում է, որ մարդու և ԱՍՏԾՈ միջև միայն մի միջնորդ կա։ Ուրիշ սրբերի անունը տալու, նրանց միջոցով մեր աղոթքը ԱՍՏԾՈՒՆ հայտնելու կարիք չունենք։ Մանավանդ երբ ԱՍՏԾՈ խոսքը ասում է, որ բոլորս ՀԻՍՈՒՍԻ միջոցով քահանաներ ենք։ Քահանայի պարտականությունը ԱՍՏԾՈ  ներկայություն մեջ գնալը և իր և ուրիշների մեղքերի համար միջնորդություն անելն է։ Հիսուսի միջոցով բոլորս քահանաներ ենք, այսինքն բոլորս առիթ ունենք ԱՍՏԾՈ գահին մոտենալու, և այլևս արգելք չկա մեղավորի և ԱՍՏԾՈ միջև։ ՀԻՍՈՒՍԻ միջոցով այդ բաժանող պատը վերացվում է։

Սիրելիներ մենք հավատում ենք, որ բոլոր սրբերը, որ սուրբ են կոչվել, մեր նման մարդ են եղել, ներման կարոտ և միայն ՀԻՍՈՒՍԻՆ հնազանդվելու և վստահելու միջոցով են փրկություն ճաշակել։ Ըստ ԱՍՏԾՈ խոսքի՝ հարգելու ենք և փորձելու ենք շատ բաներ սովորել եկեղեցու բոլոր դարերի նվիրյալներից։ Բայց ոչ մեկը մեր և ԱՍՏԾՈ միջև միջնորդ դառնալու կարողություն և արժանիք չունի, քանի որ ԱՍՏԾՈ խոսքն ասում է, որ մի միջնորդ կա՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ։

Այսօր մեր հրավերն է, որ նայենք ՀԻՍՈՒՍԻՆ, ՆՐԱ առջև խոնարհվենք, հնազանդվենք, վստահենք մեր կյանքի բոլոր դժվարությունները և ՆՐԱՆ ապավինենք։

Աստվածածնի տոնը իհարկե հիշում ենք, իհարկե ԱՍՏԾՈՒՆ փառք ենք տալիս Մարիամի համար, նրա ծառայության, նվիրումի, հնազանդության, փառաբանական հոգի ունենալու համար, նրանից դասեր ենք քաղում, բայց մեր միակ միջնորդը ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է։ Մեր միակ ապավենն ու ամրոցը ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է։ Մեր բոլոր աղոթքները, որ անում ենք, ՆՐԱ անունով ենք անում։ Փառք ԱՍՏԾՈՒՆ բոլոր սրբերի նվիրման ու ծառայության համար, օրինակ վերցնենք, հետևենք, բայց գիտակցենք, որ չենք կարող նրանց ապավինել։

Աղոթքս է, որ օրեցօր մենք ԱՍՏԾՈ խոսքի ճշմարտությունները ավելի հասկականք, և մեր հավատքի ու համոզումների համար չափանիշ լինի ԱՍՏԾՈ խոսքը։
Սրբերը մեր եղբայրներն են, բայց ոչ մեր հույսի աղբյուրը։

ՏԵՐԸ օրհնի մեզ բոլորիս։ ՏԵՐԸ զորացնի և օգնի, որ կարողանանք իսկական հույսի աղբյուրին դիմենք, ճշմարտություններ վայելենք և ՏԻՐՈՋ ճամփան որպես իսկական սուրբ քայլենք։ ԱՍՏԾՈ խոսքը ինձ ու քեզ սուրբ է համարում ՝ այսինքն զատված՝ հատուկ նպատակի համար գործածվելու։ Աշխարհի միջից ԱՍՏՎԱԾ ձեզ կանչել է, որպեսզի գործածի իր նպատակների համար։ Եվ պարզ է, որ եթե ԱՍՏՎԱԾ քեզ կանչել է, քո մեջ գործում է, ուզում է, որ դու իր ուզած մարդը դառնաս, իր նպատակները քո մեջ իրականանա, օրեցօր ավելի ՀԻՍՈՒՍԻՆ նմանվես։ ՏԵՐԸ տա, որ այս ճանապարհի մեջ օրեցօր ավելի առաջանանք։ ԱՍՏՎԱԾ օրհնի և զորացնի բոլորիդ։

No comments:

Post a Comment